Սեպտեմբերի 2-ին, առավոտյան 8:00-ից ոստիկանները սկսել են հերթապահությունը դպրոցների մոտ, ինչի շնորհիվ, այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, դպրոցների առջեւ խցանումներ չեն եղել: Երկրորդ շարքում կանգնելու դեպքում էլ ծնողներն իջեցնում էին երեխաներին ու մեքենաները արագ հեռանում էին: Չնայած մայրաքաղաքի որոշ հատվածներում երթեւեկության ծանրաբեռնվածության պատճառով խցանումներ եղել են, բայց կենտրոնի այն դպրոցների մոտ, որտեղ սովորական են խցանումները, այսօր դրանք չկային:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը, սեպտեմբերի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ Երեւանի Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի: Մայրաքաղաքի փողոցներում, բոլոր ուսումնական հաստատությունների մոտ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ ծառայություն կիրականացնեն նաեւ համայնքային ոստիկանության, ՊՊԶ գնդի աշխատակիցները:

Այս մեկ ամսվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը կաշխատի հատուկ աշխատանքային գրաֆիկով, հանգստյան օրերը, արձակուրդները կատեգորիկ հանված են, բոլոր դպրոցներին կցված են կարգախմբեր, որոնք չեն փոխվելու: Արսեն Արշակյանի փոխանցմամբ`  ճանապարհային ոստիկանությունը, որն ունի 250 հոգանոց անձնակազմ, բաժանվելու է երկու մասի, 125 ծառայող աշխատելու է առավոտյան մինչեւ ժամը 15.00-ն, դրանից հետո մինչեւ ուշ գիշեր աշխատելու է մյուս անձնակազմը:

Ոստիկանները կհերթապահեն դպրոցների մոտ, կլինեն հերթապահող խմբեր առավոտյան ժամը 08.00-09.00, 11.00-13.00: Ինտենսիվ երթեւեկություն ունեցող եւ ծանրաբեռնվելու հատկություն ունեցող 18 խաչմերուկում եւս օրվա մեջ երեք անգամ հերթապահություն է կատարվելու` առավոտյան`աշխատանքի գնալու ժամին, կեսօրին` ընդմիջման ժամերին եւ երեկոյան` 17.30-20.00` տուն գնալու ժամին: