«Ծածկած շուկայի» մոտ այսօր հավաքվել էին հիմնականում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին աջակցողները, որոնք նախորդ օրերի համեմատ մոտ երեք անգամ ավելի էին (ֆոտոռեպորտաժ):

Չնայած ակտիվիստները փոքրաթիվ էին եւ սուսուփուս կանգնած էին, գործարարի կողմնակիցներն անդադար գոռում էին, հայհոյում ու անպատվում, իրենց խոսքով «կեղծ ընդդիմադիրներին»: Երիտասարդ կանանցից մեկը, որը ներկայանում էր որպես տարածքի բնակիչ, կարծելով, թե NEWS.am-ի թղթակիցը «իրենցից» մեկն է, «սիրտը բացել է». «Կարո՞ղ ա իմանաս, կարա՞նք գնանք արդեն: Ինձ ժամ չեն ասել: Բայց արդեն ճղվեցի գոռալով, ես իմ չափը գոռացել եմ»: Թղթակցի հարցին, թե որտեղ է աշխատում, կինը պատասխանել է. «Բանգլադեշի Կայզերում»: Հետո տրտնջալով ավելացրել է, թե անհամբեր սպասում է երկրորդ հերթափոխին. «Չորսից հետո նոր մարդիկ են գալու»:

Ինչպես ավելի հայտնել էր NEWS.am-ը, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խումբը տարածել էր հաղորդագրություն, որում տեղեկացնում էր, որ «Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր բոլոր հիմնարկների աշխատողներին սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին լինել «Փակ շուկայի» տարածքում»:

Այս պահին շուկայի տարածքում միայն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն են: Նրանց ակցիան համակարգողները ջուր եւ հյութ են բաժանել: Մասնակիցները առանձին-առանձին հեռանում են տարածքից, հավաքվում ու 15 րոպե անց խմբով վերադառնում՝ ձեւացնելով, թե նոր խմբեր են միանում իրենց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am