Նալբանդյան փողոցում գտնվող Հայաստանի Ոստիկանության շենքի մոտ այսօր` սեպտեմբերի 2-ին, հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պահանջում են Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործով արդար դատաքննություն իրականացնել (ֆոտոռեպորտաժ): Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Պռոշյանի գյուղապետի նախկին թեկնածու Վովա Սահակյանը նշեց, որ հինգ ամիս առաջ այս օրը սպանվեց Հրաչ Մուրադյանը եւ ինչ չհաջողվեց կյանքի կոչել թշնամու գնդակով, կյանքի կոչեցին, իրականացրին նրա հայրենակիցները: Նա նաեւ նշեց, որ չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում, սակայն արվող աշխատանքները դեռեւս բավարար չեն:
Ոստիկանությունից փոխանցեցին, որ պատրաստ են բողոքի ակցիայի մասնակիցներից ընդունել չորս հոգու եւ լսել նրանց պահանջը, ինչից հետո ոստիկանության բաժանմունք բարձրացան Վովա Սահակյանը, Հրաչ Մուրադյանի եղբայրը, եղբորորդին եւ ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Այժմ ցուցարարները տեղում սպասում են նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ` հետեւյալ գրություններով` «Պարոն ոստիկանապետ, պահանջում ենք գտնել եւ պատժել իրական մեղավորներին», «Պահանջում ենք բացահայտել մեր գյուղապետի սպանությունը», «Պահանջում ենք», «Արցախի եւ մեր պետականության մարմնավորող Հրաչ Մուրադյանին սպանողները պետք է պատժվեն», «Հրաչ Մուրադյանը մեր հերոսն է»:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ` բողոքի ակցիան շարունակվում է հայրենասիրական երգերով, ակցիան վերահսկում են ոստիկանները, միջադեպեր եւ բախումներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ Պռոշյանի 50-ամյա գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի մոտ: Սպանության գործով կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին ապրիլի 5-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի, 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











