Ոստիկանությունը տեսանյութ է տարածել կապված օրեր առաջ Երեւանի փողոցներում 3 տասնյակից ավելի մարմնավաճառների բերման ենթարկելու հետ: Տեսանյութում երեւում է բերման ենթարկված մարմնավաճառների վարքը ոստիկանությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են բերել շուրջ 3 տասնյակ կանանց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին են հրավիրել ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում:
Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Շենգավիթի վարչական տարածքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 2 դեպք: Արշակունյաց եւ Չեխովի փողոցներում գործող հյուրանոցային համալիրների աշխատակիցները տեւական ժամանակ իրենց հյուրանոցային համարները պարբերաբար տրամադրել էին կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր` ստուգման:
Ոստիկանությունն իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:











