Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում (Ֆոտոռեպորտաժ): Ժամը 20:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երեւանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 77 LS 117 եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 41 SL 861 պետհամարանիշի ավտոմեքենաները, դեպքի վայրից հայտնում է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը: Նախնական տվյալներով, զոհվել է 1991թ. ծնված մի երիտասարդ, որը Տաշիր քաղաքից է: Երեք մարդ տեղափոխվել է հիվնդանոց: Նրանցից երկուսը պայմանագրային զինծառայողներ են: Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանության դասակ հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ Տաշիրի եւ Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատները՝ Արմեն Առաքելյանի ղեկավարությամբ: Տեղում աշխատում են նաեւ Տաշիրի ոստիկանները:
Փաստի առթիվ Տաշիրի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, չի բացառվում, որ հետագայում նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն` հաշվի առնելով, որ վիրավորների մեջ կան զինվորականներ: Չճշտված տեղեկություններով վիրավորներն են 22-ամյա Սերյոժա Չոբանյանը, ով ենթասպա է եւ եղել է Opel-ի վարորդը, իսկ մյուս ուղեւորը 22-ամյա զինվորական Լեւոն Բաղդասարյանն է: Մյուս ուղեւորի ինքնությունը ճշտված չէ: Փրկարարները մեքենաներից մեկը մասնատել են, քանի որ խոսակցություններ են տարածվել, որ կորած ուղեւոր կա, որին փրկարարները փնտրում են նախ մետաղե ջարդոնի վերածված մեքենայում, ապա նաեւ հարակից ձորում:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի











