Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել ձերբակալված ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Նրա պաշտպաններն են Արա Զաքարյանը, Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը (ֆոտոռեպորտաժ): Դատական նիստից հետո պաշտպանները հանդես են գալու հայտարարությամբ:
Դատարանի առջեւ առավոտյան ժամի 10։30-ից հավաքել են նախախորհրդարանի անդամները, Դմիտրի Հարությունյանի հարազատներն ու քաղաքացիներ։ Նրանք դատարանից պահանջում են արդարացի որոշում Դմիտրի Հարությունյանի համար։
«Պահանջում ենք վերջ դնել այն ավանդույթին, որ ցանկացած մեղադրանք, որ ներկայացվում է ոստիկանության կամ դատախազության կողմից, պետք է դատարանը նույնությամբ կատարի։ Մենք պահանջում ենք, որ դատարանը վերջ դնի այդ սովորությանը եւ արդարացի որոշում կայացնի»,- հայտարարել է նախախորհրդարանի անդամ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը։
Կնոջ խոսքով՝ իրենց փաստաբաններն ունեն բոլոր ապացույցները, որ նրան հենց այստեղից ազատ արձակեն, ինչպես նաեւ փակեն քրեական գործը։ «Ամուսնուս օգոստոսի 31-ի առավոտյան ժամը 10-ին բերման են ենթարկել Արաբկիրի ոտսիկանություն որպես վկա։ Հետո արդեն կարգավիճակն առանց որեւէ ապացույցի փոխվել է՝ վկայից դառնալով կասկածյալ եւ նա տեղափոխվել է Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարան։ Իսկ այսօր արդեն լրանում է 72 ժամը, եւ դատարանը պետք է վճռի խափանման միջոց կիրառելու հարցը»,- NEWS.am-ին ասել է Ելենա Կոժեմյակինան՝ Դմիտրի Հարությունյանի կինը։
Նշենք, որ կասկածյալի փաստաբաններին միայն երեկ ուշ երեկոյան են թույլ տվել ծանոթանալ գործին։
Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել է, որ ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը երաշխավորագիր է ներկայացնել Դմիտրի Հարությունյանին կալանքից ազատելու համար.
«Այսօր Նախախորհրդարանի ձերբակալված անդամ Դմիտրի Հարությունյանի հանդեպ խափանման միջոց փոխելու համար քաղաքացիական եւ քաղաքական համերաշխության կարեւոր նվաճում է գրանցվել: Նրան կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացնել առաջարկեց ԱԺ-ում ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Մենք սիրով եւ երախտագիտությամբ ընդունեցինք պ-ն Զուրաբյանի միջնորդությունը»,- գրել է կինոռեժիսորը
Երկրորդ երաշխավորագիրը ստորագրել է Տիգրան Խզմալյանը եւ դրանք հանձնել Դմիտրիի փաստաբաններին` դատարան ներկայացնելու համար:
«Հատուկ ուզում եմ նշել Նախախորհրդարանի անդամ, Ժառանգություն ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի օգնությունը եւ հատկապես Սյուզան Սիմոնյանի մշտական աջակցությունը ինչպես այս հարցում, այնպես էլ Դմիտրի Հարությունյանի ու նրա ընտանիքի տեղափոխման, իրավական օժանդակությունն ապահովման եւ մարդասիրական անգնահատելի ներդրման համար: Այս ամենը ապացուցում է, որ հանուն Հայաստանի քաղաքացու ազատության, արժանապատվության ու մարդկային իրավունքների՝ մենք կարող ենք համագործակցել՝ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից անկախ: Կրկին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին: Սա լուրջ ու հաղթական գործոն է և ուղերձ իշխող խունտային»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը օգոստոսի 31-ին բերման է ենթարկել (ապա ձերբակալվել) Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ կնոջ եւ 2-ամյա դստեր հետ հանգստանում էր իր հարազատների տանը։
Նախախորհրդարանի անդամին կասկածում են Կոմիտաս 5 հասցեում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











