Ըստ մասնագետների՝ բնության մեջ մոտ 320 հազար վիրուսներ կան, որոնք իրական կամ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու համար: Նման տվյալներ mBio ամսագրում հրապարակել են  Կոլումբիայի համալսարանի ու ոչ առեւտրային EcoHealth Alliance կազմակերպության գիտնականները:

Ուսումնասիրողները մեկնել են Բանգլադեշի ջունգլիներ՝ էնցեֆալիտի եւ շնչառական լուրջ հիվանդությունների հարուցիչ  Nipah  վիրուսի նմուշներ վերցնելու: Վիրուսի բնական պահեստարանը չղջիկներն են: Գիտնականները ստացված նմուշներում 9 ընտանիքներին պատկանող  55 վիրուս են նույնականացրել, որոնցից միայն հինգն էին նախկինում հայտնի եղել  գիտնականներին:

Մնացած 50-ը նոր են, որոնցից 10-ը պատկանում է Nipah ընտանիքին:

Վիճակագրական եղանակով գիտնականները եզրակացրել են, որ իրականում չղջիկները 58 վիրուս են կրում, իսկ հայտնի 5486 տեսակի կաթնասուններում դրանց թիվը նվազագույնը 320 հազար է, հայտնում է gazeta.ru-ն: Բոլոր այդ վիրուսներն այս պահին կենդանիներին են վերաբերում, սակայն ինչ-որ պահի կարող են փոխանցվել մարդուն, ինչպես ՁԻԱՀ-ը:

Արդյոք հնարավոր է բնութագրել դրանք բոլորը: Տեխնիկապես հնարավոր է, հարցը գումարն է: Բոլոր վիրուսների մասին տեղեկատվություն ստանալը մինչեւ 6,3 մլրդ դոլար կպահանջի: Առաջին հայացքից թանկ է:  Սակայն ատիպիկ թոքաբորբի համաճարակի դեմ պայքարի ծախսերը կազմել էին 16 մլրդ դոլար: