Դարբնիկ համայնքի ղեկավար, մանկավարժ Սուսաննա Գալոյանի ամուսինը՝  Ազատ Խաչատրյանը, վստահեցնում է, որ իր կինը չի հարվածել Դարակերտի միջնակարգ դպրոցի  6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանին, ում տեսողությունը 90 տոկոսով նվազել է։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ Խաչատրյանը։

Նա նշեց, որ երեխայի տեսողության կորուստը կապ չունի իր կնոջ հետ։ Ամուսինը խոսել է նաեւ Գեւորգ Սարուխանյանի բժշկուհու հետ, ով, նրա փոխանցմամբ, հերքել է, թե Գեւորգի ծնողներին ասել է, որ երեխայի տեսողության կորուստը կապված է  հարվածի հետ։ Նրա ներկայացմամբ՝ բժիշկները երեխայի տեսողության անկումը կապում են մի շարք հանգամանքների հետ՝ վիրուսային, ալերգիկ հիվանդություններ, գենետիկ խնդիր, ինչու չէ նաեւ հարվածի հետեւանք, «սակայն ինչ կապ ունի ուսուցչուհին այդ հարվածի հետ»։ 

Մալայան կենտրոնից նրանց հայտնել են նաեւ, որ որեւէ եզրակացություն ուսուցչուհու հարվածի հետեւանքով երեխայի տեսողության կորստի մասին նրանք ծնողներին չեն տվել։ «Սա ընդամենը շանտաժ է իմ կնոջ, իմ ընտանիքի նկատմամբ, շանտաժ, որպեսզի իրենք կարողանան ինչ-որ ձեւով ինչ-որ գումար կորզեն։ Եթե ես իրենց գումար առաջարկեի, եւ իրենց ասած գումարը տայի, իրենք կլռեին, հավատացեք»,- ասաց Ազատ Խաչատրյանը։ Նա մանրամասնեց, որ Գեւորգի հայրն է իրենից գումար պահանջել իրենց լռելու դիմաց, սակայն չասաց, թե ինչքան գումար է պահանջել։ «Ինչի՞ տամ գումար, եթե համոզված եմ, որ դա իմ կնոջ ապտակի հետեւանքը չէ։ Եթե երեխայի 100-տոկոսանոց տեսողությունն իջել է 10 տոկոսի, երեխան պետք է ծնողներին ասեր, որ տեսողությունը վատացել է, հենց այդ պահին ծնողները կարող էին գալ եւ մեր յախեն բռնել, ոչ թե բժշկուհու ստուգումից հետո, մեկ ամիս անց, գցում բռնում են, եւ հիշում են, որ մարտին Գալոյան Սուսաննա ապտակել է։ Եթե ապտաակած լիներ, թող նույն օրը դիմեին ուսմասվարին, դպրոցի տնօրենին»,- ասաց Ազատ Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ իր կինը չի հարվածել Գեւորգին, եւ ինչքան սադիստ պետք է նա լիներ, որ մատանին շուռ տար եւ հարվածեր երեխային։

Նա վստահ է, որ իր կինը տերթոդիկյան մեթոդով չի աշխատում, այլապես քառասունամյա մանկավարժական փորձի ընթացքում բողոքներ կլինեին։ Նա հերքեց նաեւ, թե կան ուրիշ ծնողներ, ովքեր բողոքում են իր կնոջ դեմ։ Ազատ Խաչատրյանը հերքեց նաեւ Գեւորգի ծնողների հայտարարությունը, թե վերջինս գնացել է իրենց տուն եւ գումար է առաջարկել։ Նրա փոխանցմամբ՝   ինքը նրանց տուն չի գնացել, հանդիպել են մի տեղ, խոսել են, ինքն ընդամենը ասել է՝  «այսքան աղմուկ-աղաղակը ինչի եք հանում, եթե ասում եք հարվածի հետեւանք է, եկեք ձեր երեխային ձեզ հետ միասին տանեմ մեկ այլ բժշկի մոտ, լսենք այդ բժշկին եւ պարզենք, թե ինչն է տեսողության կորստի պատճառը»։

Սկզբից ծնողները համաձայնել են  երեխային տանել ստուգման, սակայն հետո չեն ցանկացել։  Ուսուցչուհու հայրը ծնողներին նաեւ ասել է, որ եթե ֆինանսական խնդիրներ կան երեխայի ստուգման հետ կապված, ապա ինքը կարող է օգնել որպես իր կնոջ աշակերտ:

Ազատ Խաչատրյանը պատմեց, որ  իր կինը ծնողական ժողովի ժամանակ Գեւորգի մորն ասել է, թե «տիկին Գոհար, երեխան վատ է սովորում, ուշադրություն դարձրեք ձեր երեխային, չեմ կարող ամեն քառորդ նրան գնահատական դնել, լավ կլինի ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր երեխայի ուսման վրա, քան թե ամեն օր աղոթենք»։ Ազատ Խաչատրյանը նշեց, որ Գեւորգի մայրը հոգեգալստական է, ուսուցչուհու այդ խոսքերից  հետո նա այս պահն օգտագործել է իր կնոջ դեմ։ «Այս ամենի հետեւում կանգնած են որոշ մարդիկ, որոնք որոշել են պղտոր ջրում ձուկ որսալ»,-ասաց Դարակերտ համայնքի ղեկավարը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝  Արմեն Օհանյանը, նշեց, որ գյուղում այնպիսի խաղեր են խաղում, որի ժամանակ իսկապես կարելի է հարվածներ, կապտուկներ ստանալ։ Նա նկատեց, որ Գեւորգը համադասարանցիներ ունի, եւ հարց ուղղեց՝ արդյոք նրանցից որեւէ մեկը տեսել է հարվածի պահը։ Նա նաեւ շեշտեց, որ դեպքի օրը երեխան նստել է նաեւ հաջորդ դասաժամերին, ակտիվ մասնակցել է, իսկ եթե ուժեղ հարված ստանար, ինչպես կարող էր մասնակցել դասերին։  Փաստաբանը  տեղեկացրեց, որ Սուսաննա Գալոյանն առողջական խնդիրներ ունի, այժմ հիվանդանոցում պառկած է։

Ի դեպ, Սուսաննա Գալոյանը շարունակում է աշխատել դպրոցում, բայց կենսաթոշակային տարիքում արդեն կհեռանա դպրոցից։ Գործի քննությունն ընթանում է, հարցաքննվել են դասարանի աշակերտների մեծ մասը։ Ուսուցչուհու ամուսինը վստահ է, որ շուտով պարզ կլինի ամեն ինչ, ի հայտ կգան եւ մեղավորները, եւ անմեղները։

Ավելի վաղ Գեւորգ Սարուխանյանի մայրը` Գայանեն մեզ հե զրույցում պատմել էր, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, եւ այն այլեւս ենթակա չէ բուժման: NEWS.am-ը զանգահարել էր նաեւ Սուսաննա Գալոյանին` փորձելով մեկնաբանություն ստանալ: Ուսուցչուհին, լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում իր աշակերտի հետ կապված միջադեպի հարցով, առանց որեւէ բան ասելու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: