Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննարկել է քննիչի միջնորդությունը՝ Նախախորհրդարանի անդամ  Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ եւ շուտով կհրապարակի իր որոշումը։ Դմիտրիի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողներին ասել է, որ քննիչը չի նշել որեւէ փաստ, որով կարող էր հիմնավորվել նման միջնորդությունը։

«Եթե դատարանը օրինական որոշում կայացնի, միանշանակ պետք է մերժի այս միջնորդությունը»,- ասել է փաստաբանը։

Այնուամենայնիվ, հնարավոր համարելով դատարանի որոշումը՝ կալանքը ընտրել որպես խափանման միջոց, Դմիտրի Հարությունյանի փաստաբանները ներկայացրել են միջնորդություն՝ նրան գրավի դիմաց ազատելու վերաբերյալ։

«Աննախադեպ գրավ ենք առաջադրել։ Կենտրոնում գտնվող բնակարան եւ 30 հազար ԱՄՆ դոլար»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը օգոստոսի 31-ին բերման է ենթարկել (ապա ձերբակալվել) Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ կնոջ եւ 2-ամյա դստեր հետ հանգստանում էր իր հարազատների տանը։

Նախախորհրդարանի անդամին կասկածում են Կոմիտաս 5 հասցեում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am