Մարդիկ, ովքեր տառապում են անքնությունից, ցերեկը հաճախ քնի կարիք են զգում: Պարզվում է, որ սա ուղղակի պակասող հանգստի փոխհատուցում չէ. նման  մարդկանց մոտ գլխուղեղի աշխատանքում նկատվում է գործառութային խախտում, որը թույլ չի տալիս կենտրոնանալ աշխատանքում:

Նման եզրակացության են հանգել Քալիֆորնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ, որոնք ուսումնասիրում են քնի հետ կապված խնդիրները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Գիտնականները ուսումնասիրել են 25 երիտասարդների(միջին տարիքը 32 տարեկան) գլխուղեղի սքան արված նկարները, ովքեր տառապում են ինսոմնիայով՝ անքնությամբ, եւ 25 կամավորների գլխուղեղի նկարներ, ովքեր քնի հետ կապված խնդիրներ չունեն. նրանք մասնակցել են հիշողության ստուգման առաջադրանքների կատարմանը: Պարզվել է, որ անքնությամբ տառապողների ուղեղի՝ շարժման ու վերարտադրողական գործառույթների համար պատասխանատու հատվածների ակտիվությունը նվազում է: Եւ որքան բարդ է առաջադրանքը, դանդաղումն առավել ակնհայտ է: Ուղեղը ոչ մի կերպ չի անցնում սթափ մակարդակի, քանի որ նրանում քնի ժամանակ գործող գոտիները, որոնք ցերեկը պետք չեն, շարունակում են գործել:

Փաստորեն, նման մարդիկ արթուն ժամանակ քնած են, եւ նրանց առավել շատ ինտելեկտուալ ջանքեր են անհրաժեշտ՝ առաջադրանքներ կատարելու համար, ինչը նորմալ քնի դեպքում հարկավոր չէ: