Ավիացիոն տեխնիկայի քանակական առումով Հայաստանը զիջում է իր հարեւաններին։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի ավիացիոն ոլորտին քաջածանոթ մի փորձագետ, որը ցանկացավ չհրապարակել անունը։ Ըստ աղբյուրի՝ տեխնիկայի քանակական առումով Հայաստանը չնայած զիջում է հարեւաններին, սակայն մարտական ավիացիայի կիրառության մարտավարության կառուցման ու մոդելավորման հարցում բավարար մասնագետներ եւ փորձ ունի, ինչն ավելի կարեւոր է այս դեպքում, քանի որ հարկ եղած դեպքում, առկա ռազմական տեխնիկան կօգտագործվի առավել նպատակային ու արդյունավետ։ Նման փորձ արդեն եղել է Արցախյան գոյամարտի ընթացքում:
«Մեր հարեւանների ավիացիոն տեխնիկայի քանակական գերազանցությունը մեծ չէ, բացի դրանից քանակը կարող է շատ ավելին լինել, սակայն դրանք կիրառող մասնագետների մակարդակը եւ մարտավարական մոտեցումները ճակատագրական կարող են լինել հնարավոր հակամարտության դեպքում»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ այժմ ռազմարդյունաբերությունը հարձակողական ավիացիայի ոլորտում շեշտը դնում է ոչ թե ինքնաթիռների, այլ հրթիռային տեխնիկայի զարգացման վրա, որը ավելի քիչ ծախսատար է։ «Հայաստանում պետք է ուշադրություն դարձնել հատկապես տրանսպորտային ավիացիայի վրա եւ շեշտադրում անել նաեւ առավել արդյունավետ ավիացիոն միջոցների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում անհրաժեշտ է հրթիռային հարձակողական սպառազինության հետ մեկտեղ ավելացնել մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռների ավիացիոն պարկը:


























