Լիբանանում սմարթֆոնների ծրագրավորողները բջջային սարքերի համար վտանգի մասին նախազգուշացնող սեփական ծառայությունն են թողարկել: Այդ ծրագիրը թույլ է տալիս քարտեզի վրա օպերատիվ նշել ահաբեկչության վայրը, ինչպես նաեւ հայտնել հանցագործությունների եւ կասկածելի իրավիճակների մասին:
Մտավախությունը, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է անցնել հարեւան պետությունների սահմանները, աճում է: Այդ պատճառով էլ այստեղ, այնպիսի քաղաքներում, ինչպիսին Բեյրութն է, ծրագրավորողները եւ նույնիսկ լիբանանյան բանակը սպառնալիքի դեմ պայքարի նոր միջոցներ են ստեղծում: Օրինակ՝ սմարթֆոնների համար նախազգուշացման հավելվածը, հաղորդում է Russia Today-ը:
Վերջերս շուկայում հայտնված ծառայությունն օգտագործում է իրական ժամանակում օգտվողի բեռնած տեղեկությունը: Մարդիկ կարող են նշել ճանապարհների խոչընդոտները, հրթիռների ընկնելու եւ բողոքի ցույցերի անցկացման վայրերը: Այդ տեղեկությունն անմիջապես ներբեռնվում է քարտեզի վրա եւ հասանելի դառնում տվյալ ծառայությունից բոլոր օգտվողներին:
Նախատեսվում է նաեւ թողարկել հրավառությունները հրաձգությունից տարբերակող հավելված: Լիբանանի բանակը վերջերս հայտնել էր «Լիբանանի բանակի վահանը» սեփական ծառայության թողարկման մասին: Այն թույլ է տալիս ուղղակի կապ հաստատել խաղաղ բնակչության եւ Լիբանանի զինվորականների միջեւ: Բնակիչները կարող են զինվորականներին հայտնել կասկածելի տրանսպորտի, առարկաների կամ հրաձգության մասին: Հավելվածը նաեւ կարող է առեւանգման դեպքում զգալի օգնել օգտվողին:




























