Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ կկայանա 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Այն կտեւի 1 օր` հոկտեմբերի 4-ին, եւ կանցկացվի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արեւելքից, Հյուսիսային Աֆրիկայից եւ այլ տարածաշրջաններից:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության եւ մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:
ԱրմԹեք Համաժողովը տալիս է աննախադեպ հնարավորություն հայտնաբերել գործարար եւ ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական եւ ծառայությունների ոլորտների, ինչպես նաեւ՝ առաջատար գիտակրթական հաստատությունների կարեւորագույն ներկայացուցիչների հետ: Նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը եւ այն դարձնել գլոբալ ճանաչելի: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երեւանում 2008-ին եւ 2011-ին եւ Սիլիկոնային հովտում ՝ 2009-ին եւ 2012-ին:
Տեղեկացնենք նաեւ, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող «DigiTec Expo 2013» միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-6, «Երեւան Էքսպո» կենտրոնում: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, իսկ պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը:
Ե՛վ ԴիջիԹեք ցուցահանդեսը, եւ՛ ԱրմԹեք համաժողովը անց են կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:





























