Apple-ը փորձարկում է նոր iPhone սմարթֆոնը, որն ունի ավելի մեծ էկրան, հաղորդում է The Wall Street Journal թերթը: Միաժամանակ Apple-ի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:
Հրատարակչության տվյալներով, վերջին ամիսներին Apple-ը ներկրողներից պատվիրել է 4,8-ից մինչեւ 6 դյույմ տրամագծով նոր էկրաններ: «Սա iPhone-5-ի չափերի համեմատ զգալի ավելացում է: iPhone-5-ի տրամագիծը կազմում է 4 դյույմ»,- գրում է թերթը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
WSJ-ը նշում է, որ Apple –ի կողմից ավելի մեծ էկրանով iPhone-ի փորձարկումը պատասխան է աճող մրցակցությանը, առաջին հերթին հարավկորեական Samsung-ին: Օրերս Samsung-ը ներկայացրել է իր նոր Galaxy Note 3 սմարթֆոնը, որի էկրանի տրամագիծը 5,7 դյույմ է: Սարքավորումը դասվել է «պլանշետոֆոնների» շարքը, որոնք մոտ են ինչպես սմարթֆոններին, այնպես էլ պլանշետային համակարգիչներին:
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 10-ին Apple-ը կներկայացնի iPhone-ի միանգամից երկու տարբերակ՝ ֆլագմանային ու բյուջետային:





























