ԱԷՄԳ-ն դժգոհ է Իրանի՝ գործակալության հետ համագործակցության մակարդակից: Այս մասին ասվում է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի զեկույցում:

Ամանոն հիշեցրել է, որ ԱԷՄԳ ղեկավարողների խորհրդի որոշմամբ՝ Իրանը պետք է «անմիջապես» կնքի եւ իրագործի համաձայնագիր՝ միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության մասին: Սակայն նրա խոսքով՝ ներկայումս ԱԷՄԳ-ն չի կարող հաստատել, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործում է բացառապես խաղաղ նպատակներով: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:

Ամանոն նաեւ ընդգծել է, որ Իրանը ԱԷՄԳ-ին տեղեկություններ է հաղորդել նոր հետախուզական ռեակտորի կառուցման մասին: «Սակայն IR 40 ռեակտորի նախագծի վերաբերյալ թարմացված ինֆորմացիայի բացակայության պատճառով այդ օբյեկտի նախագիծը ստուգելու մեր հնարավորությունները արդյունավետ չեն»:

Ինչպես հաղորդվում էր, Իրանի եւ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները իրանական միջուկային խնդրի շուրջ հերթական անգամ պետք է բանակցեն սեպտեմբերի 27-ին Թեհրանում: Սա Ռոհանիի ընտրությունից ի վեր ԱԷՄԳ մասնագետների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ առաջին հանդիպումն է լինելու: