Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, առավոտյան 10։00-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը (ֆոտոռեպորտաժ

Քաղաքապետարանի առջեւ այս պահին իրավիճակը լարված է։ Ակտիվիստները փորձում են մտնել քաղաքապետարանի շենք, որպեսզի մասնակցեն ավագանու նիստին։ Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը եւ նրանց թույլ չեն տալիս բարձրանալ աստիճաններով։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրել է. «Նիստն կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր հրավիրվում են Երեւանի քաղաքապետի կամ ավագանու որեւէ խմբակցության կողմից։ Առանց հրավերի ոչ ոք չի կարող մասնակցել նիստին, որովհետեւ դահլիճը փոքր է»։

Ժամը 11-ից սկսած տասը րոպեի ընթացքում բերման է ենթարկվել մոտ տասը ակտիվիստ, այդ թվում՝ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը, Կարեն Հարությունյանը, Սոնյա Մսրյանը։ Ակտիվիստները հայտարարել են, որ ոստիկանության գործողություններն անօրինական են, քանի որ շատերին բաժին են տարել միայն աստիճաններին նստելու համար։ Աստիճաններից ոստիկանները ակտիվիստներին քաշքշելով իջեցնում են ներքեւ։

Ավելի վաղ ակտիվիստները տարածել էին հաղորդագրություն, որում նշված էր. «Այս տարվա հունիսին Երևանի քաղաքապետարանը փորձեց ուժի մեջ մտցնել ապօրինի և հակասոցիալական որոշում, որի համաձայն Երևանի տրանսպորտի ուղեվարձը 100-ից դառնալու էր 150 դրամ: Բարձրացած բողոքի ալիքի հետևանքով քաղաքապետարանը ստիպված եղավ ժամանակավորապես կասեցնել տվյալ որոշումը: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժման մի խումբ մասնակիցներ, որոշեցին բարձրացնել պաշտոնյաների պատասխանատվության հարցը և արդեն շուրջ 45 օր է, ինչ անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը։


Վերջիններս ոչ միայն հանդիսանում են ապօրինի որոշման կայացման անմիջական պատասխանատուներ և լինելով պետական պաշտոնյա նաև գծատերեր են, ինչը կոռուպցիա է, այլ նաև դրսևորել են քրեական պահվածք և անձամբ ու իրենց շրջապատի միջոցով սպառնացել, հայհոյել և ծեծել են ակցիային մասնակիցներին և լրագրողներին։ Մեզ համար անընդունելի է, որ նախկինում ապօրինություն գործած և քրեական վարք դրսևորած պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել և շարունակել որոշումներ կայացնել տրանսպորտի ոլորտի վերաբերյալ՝ ոտնահարելով հանրային շահը և առաջնորդվելով նեղ խմբային բիզնես շահով։

Հետևաբար, այս պաշտոնյաների օր առաջ հեռացումը խիստ կարևոր է:

Սեպտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու նիստն է։ Երևանի ավագանին համայնքային ինքնակառավարման բարձրագույն մարմին է և պարտավոր է հանդես գալ հանրության շահերից, ոչ թե դրսևորել անգործություն և սատարել հանցագործներին։

Կոչ ենք անում սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ին գալ քաղաքապետարան և մասնակցել տվյալ պահանջի բարձրաձայնմանը: 

Միասին հասնենք նրան, որ Հայաստանում ստեղծվի կոռումպացված և հասարակության հանդեպ անհարգալից վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու նախադեպ: Դրանով մենք կկանխենք թե′ տրանսպորտի՝ մոտ ապագայում սպասվող թանկացումը, թե′ նման ապօրինի որոշումների կրկնությունը ապագայում:

Պետական պաշտոնյան պետք է հաշվետու լինի հանրությանը»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am