Իրանը կարծում է, որ Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու դեպքում ԱՄՆ գործողությունները սահմանափակ բնույթ չեն կրի, ինչպես ավելի վաղ հայտարարել էին այդ երկրի ղեկավարները: Այդ գործողությունները սարսափելի հետեւանքների կհանգեցնեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» է հայտարարել արաբական եւ աֆրիկյան երկրների հարցերով ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյնամիր Աբդոլլահանիան, որը այցով Ռուսաստանում է:
«Սիրիայում ԱՄՆ ցանկացած գործողությունները եւ անգամ, ինչպես նրանք են հայտարարում, սահմանափակ հարվածներ հասցնելը, սահմանափակ բնույթ չի կրի: Սակայն հուսով ենք, որ քաղաքական կարգավորման նոր փուլը, որում հիմա գտնվում ենք, հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին համապատասխան արդյունքի հասնել»,-ասել է նա՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպման արդյունքում:
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, ապա «դա հիվանդագին հետեւանքների կհանգեցնի»: «Բնականաբար Իրանի բոլոր ջանքերը ուղղված են իրավիճակի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը եւ հուսով ենք, որ դա համապատասխան արդյունքներ կտա»,-ասել է Աբդոլլահանիան:





























