ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՀՀ նախագահի գրասենյակը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ գործընկերները, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ազդարարել են նորաստեղծ «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի» (ՀԱՃԼ) բացումը:
Ծրագրի նպատակն է անդրադառնալ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ուսուցում անցած որակյալ մասնագետների պակասին եւ պահանջարկին: ՀԱՃԼ-ը նաեւ կզորացնի Պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները եւ հետազոտական ներուժը` լաբորատոր սարքավորումների եւ դասավանդման հմտությունների արդիականացման եւ ընդարձակման միջոցով:
Բացման արարողությունը հաջորդել է 2012թ. մայիսին կայացած ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանի ճարտարագիտական համալասարանի (ՀՊՃՀ) միջեւ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: Այս գործընկերության շնորհիվ ստեղծվել են ժամանակակից ուսումնական եւ հետազոտական լաբորատորիաներ` հագեցած առաջատար ընկերությունների ճարտարագիտական սարքավորումներով եւ ծրագրային ապահովմամբ:
ՀԱՃԼ-ը չորս հարկ է զբաղեցնում ՀՊՃՀ թիվ 10 մասնաշենքում: Յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 500 ք.մ., ընդհանուրը`1600 ք.մ.: Տարածքն ընդգրկում է ուսումնական եւ հետազոտական լաբորատորիաներ համալսարանի 6 հիմնական բաժինների 30 մասնագիտացումներով, այդ թվում` կիբերնետիկա, ռադիոճարտարագիտություն եւ հեռահաղորդակցության համակարգեր, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա ու մեքենաշինություն, եւ տրանսպորտ:
ՀԱՃԼ-ը ուսանողներին կտրամադրի տեխնիկական ուսուցում եւ հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ եւ ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար: Ռեսուրսները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված կողմերի համար, ինչպիսին են գիտահետազոտական ինստիտուտները, այլ համալսարաններն ու մասնավոր հատվածը:
Այս մասնավոր-պետական գործընկերության շրջանակում ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ներառում է սարքավորումներ, համակարգչային ծրագրեր եւ տեխնիկական օժանդակություն, իսկ Կրթության նախարարությունն օժանդակել է ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: National Instruments-ը , Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ՀՊՃՀ-ն այս եռամյա ծրագրի իրականացման հիմնական գործընկերներն են, ներառյալ սկզբնական հիմնադրումը, կառավարումը, վերահսկումը, համաֆինանսավորումը եւ վերապատրաստումը:





























