Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր եւ Իրանի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին` մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում խոշոր վթարի զոհ է դարձել առնվազն 44 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 40 զոհերի մասին:

Իրանում 40-ից ավելի մարդ ավտոպատահարի զոհ է դարձել:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան՝ Թեհրան-Կում ավտոճանապարհին, որտեղ բախվել են երկու միջքաղաքային ավտոբուսներ: Նախնական տեղեկություններով՝ պայթել է ավտոբուսներից մեկի անիվը, ինչի հետեւանքով վարորդը չի կարողացել կառավարել այն եւ հանդիպակաց գիծ է դուրս եկել, որտեղ էլ բախվել է մյուս ավտոբուսին: Բախվելուց հետո երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի շարքում հայեր չկան: