Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերը ներկայացնող համացանցում հայտնված տեսանյութը եւ վարույթն իրականացնող մարմնի ձեռքի տակ եղած տեսանյութերը բովանդակային առումով նույնն են, տարբերությունը ժամանակային տեւողության մեջ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
Նա նշեց, որ խոհանոցի տեսախցիկներից մեկում առկա է նաեւ ձայնագրություն, որտեղ լսելի են դեպքի վայրում արձակված կրակոցները։ Նա տեղեկացրեց, որ դեպքի ժամանակ կատարվել են թվով 13 կրակոց, երեք զենքերից, որոնցից մեկը Տիգրան Խաչատրյանի, մեկը Զարզանդ Նիկողոսյանի, իսկ մեկն էլ Ավետիք Բուդաղանը «Պ» «Բերետտա» տեսակի ատրճանակից։
Արմեն Հարությունյանն ասաց, որ Հայկ Ալումյանի հայտարարությունները հերքում են Արտակ Բուդաղյանի ցուցմունքները։ Նա օրինակ բերեց այն պնդումը, թե Արտակ Բուդաղյանը գնում էր Ղարաբաղ, Գորիսից դուրս գալով, տեսավ, որ նախկին մարզպետի տան մոտ դեպքեր են, մոտեցավ։ Քննչական ծառայության ղեկավարն ասաց, որ ըստ գործի նյութերի՝ Արտակ Բուդաղյանը գնացել է Արման Հակոբյանի տուն, վերցրել նրա անձնական մեքենան եւ նրան իր կողմից ի պահ տրված հրացանը, ապա շարժվել է Սուրեն Խաչատրյանի տան ուղղությամբ։
Ինչ վերաբերում է համացանցում դեպքերի տեսանյութի հրապարակմանը եւ այդպիսով նախաքննության գաղտնիության խախտմանը, ապա Արմեն Հարությունյանն ասաց, որ մինչեւ տեսանյութն առգրավելը, տեսաերիզը չէր կարող համարվել նախաքննության գաղտնիք, իսկ թե ինչպես է հայտնվել, նախաքննությունը շարունակվում է։
Բուդաղյանների հոր հայտնած տեղեկությունը, թե դեպքի օրը Սուրեն Խաչատրյանի թիկնապահն է զանգել իր որդուն, Հարությունյանը նշեց, որ Զարզանդ Նիկողոսյանը ոչ Արտակին, ոչ Ավետիքին չի զանգահարել, հակառակը ՝ հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանն է իր հեռախոսահամարից զանգահարել Զարզանդ Նիկողոսյանին եւ խոսել 52 վայրկյան։
Նա անդրադարձավ նաեւ մինչեւ բուն միջադեպը Ավետիք Բուդաղյանի ծեծի ենթարկվելու մասին տեղեկություններին՝ ասելով, որ դրանք չեն հիմնավորվում, նրա մարմնին, հրազենային վնասվածքից բացի, որեւէ այլ վնասվածք առկա չէ։ Այդ եզրակացությունը չի վիճարկվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











