Ռուսաստանի Պետդումայում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ այստեղ գլխավոր դերակատարն Իսրայելն է: Նա նախազգուշացրել է նաեւ, որ էթնիկ խմբեր կարող են անցնել Հյուսիսային Կովկաս:
«Չեք ուզում հասկանալ, որ այստեղ գլխավոր դերակատարը Իսրայելն է: Այն վախենում է Իրանից: Իրանի վրա հարձակում գործելու մասին որոշումը կայացվել է, սակայն որպեսզի զորքերը մոտեցնեն իրանական սահմանին, պետք է ոչնչացնել Սիրիան... Սակայն Լիբիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի եւ Սիրիայի գրոհայինները մեզ բաժին կընկնեն: Նրանք կքայքայեն ամբողջ Հարավային Կովկասը եւ էթնիկ խմբեր կանցնեն Հյուսիսային Կովկաս»,-հայտարարել է Ժիրինովսկին: «Սիրիայից արդեն 2 մլն մարդ է հեռացել, Իրանից կհեռանա 20 մլն: Իրանի ադրբեջանցիները դեպի հյուսիս կգնան, իսկ այնտեղ Բաքուն է, որ չի դիմանա, անկում կապրի»,-հայտարարել է նա, փոխանցում է ՆՏՎ-ն:
«Իսրայելը վախենում է Իրանից, քանի որ Իրանն ուղղակիորեն ասում է, որ կոչնչացնի: Սակայն որտեղի՞ց է այդ վախը: Մենք մտել ենք Մերձավոր Արեւելք եւ հիմա չենք ուզում, որ ամերիկացիներն այնտեղ գան: Մենք զինել ենք բոլոր արաբական երկրները, իսկ նրանք ասել են՝ կոչնչացնենք Իսրայելը»,-հիշեցրել է ՌԼԴԿ առաջնորդը:
Նա հավելել է, որ Իսրայելը ճիշտ է անում, որ վախենում է: Եթե Սիրիան ռմբակոծվի, ինչպե՞ս հնարավոր կլինի պաշտպանել քիմիական զենքի պահեստները: Այդ ամենը կպայթի եւ թունավոր ամպը կմաքրի-կտանի ամբողջ Իսրայելը:





























