Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիին՝ Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:

«Խորը վշտով տեղեկացա Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ:

Դժվարին այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու եղբայրական զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ավտովթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Հովիկ Աբրահամյանի հեռագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում խոշոր վթարի զոհ է դարձել առնվազն 44 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 40 զոհերի մասին:

Իրանում 40-ից ավելի մարդ ավտոպատահարի զոհ է դարձել:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան՝ Թեհրան-Կում ավտոճանապարհին, որտեղ բախվել են երկու միջքաղաքային ավտոբուսներ: Նախնական տեղեկություններով՝ պայթել է ավտոբուսներից մեկի անիվը, ինչի հետեւանքով վարորդը չի կարողացել կառավարել այն եւ հանդիպակաց գիծ է դուրս եկել, որտեղ էլ բախվել է մյուս ավտոբուսին: Բախվելուց հետո երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի շարքում հայեր չկան: