Կառավարության շենքի մոտ այսօր` սեպտեմբերի 12-ին հավաքվել էին Դալմայի այգու նախկին հողօգտագործողները, ովքեր հերթական անգամ եկել էին փոխհատուցում պահանջելու իրենցից կառավարության 2003թ. որոշմամբ խլված հողատարածքների համար:

«Այգիներն այլեւս չենք կարող փրկել, ինչը մեկ միլիոն երեւանցիների խնդիրն էր, մնում է` գոնե փոխհատուցում տան»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Դալմայի այգու նախկին հողօգտագործող Ռուզաննա Ղազարյանը: Նա հիշեցրեց, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն մի քանի անգամ որոշումներ է ուղարկել ՀՀ կառավարությանը այն մասին, որ հողատարածքները օգտագործողներից վերցնելու, գերակա շահ ճանաչելու եւ վաճառելու որոշումը անօրինական է: Բացի դրանից, կոնվենցիայով կառավարությունը պարտավոր է ստեղծել անկախ մարմին, որը պետք է քննի Դալմայի այգու նախկին հողօգտագործողների խնդիրը: Հողօգտագործողները այս անկախ մարմնի մասին հարցում են ուղարկել բոլոր պատասխանատու մարմիններին, սակայն ոչ մի տեղից սպառիչ պատասխան չեն ստացել:

«Արդարադատության նախարարությունից էլ մեզ ասացին, թե` համբերեք, 2017-ին կունենաք արդար դատարան, նրանք ձեր հարցը կքննեն»,- ասաց տիկին Ռուզաննան` նշելով, որ որոշ բնակիչների պետությունը փոխհատուցել է հողատարաքծների գումարը, մի մասին`  մասամբ, մյուսներին էլ` ընդհանրապես չի փոխհատուցել:

Մի քանի տարի է` ինչ նախկին հողօգտագործողները ամեն հինգշաբթի գալիս են կառավարության շենքի մոտ, ուրբաթ օրերին էլ` նախագահականի մոտ: Կառավարության անդամները նրանց մշտական ներկայությանը սովորել են, նիստերից առաջ եւ հետո բողոքողներին չեն մոտենում, կամ էլ պարզապես շենքի հետեւի մուտքով են ելումուտ անում: