Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկը՝ ամերիկյան Oracle-ը, մտադիր է հաստատվել հայկական շուկայում: ՀՀ կառավարությունն ու Oracle ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 13-ին փոխըմբռման հուշագիր ստորագրեցին:
Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասաց, որ դրա վերաբերյալ նախնական համաձայնությունը կայացել է 2012 թ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Ֆրանկֆուրտ կայացած այցի ընթացքում:
Oracle-ի ավագ փոխնախագահ Ալեն Բլանը հայտարարեց, որ իրենց ընկերության տարեկան շրջանառությունը 40 մլրդ եվրո է, ողջ աշխարհում ունեն 120 հազ. աշխատակից: Ընկերությունն առաջարկում է տվյալների բազաներ, համակարգչային ծրագրեր, ծրագրային ապահովում: Ընկերության ներկայացուցիչները այցելել են հայկական համալսարաններ եւ մի շարք ընկերություններ, ու տպավորված են մեր ուսանողների ու մասնագետների ունակություններով:
Oracle-ը Հայաստանում գործունեություն է ծավալելու 3 հիմնական ուղղություններով՝ կրթական ծրագրեր, կառավարության հետ համագործակցություն էլեկտրոնային եւ համակարգչային ծառայություններ մատուցելու առումով, գերազանցության կենտրոնի ստեղծում: «Պոտենցիալը գոյություն ունի, ցանկությունները կան, մնում է աշխատել»,- հայտարարեց Ա. Բլանը: Սակայն դեռեւս պարզ չէ, թե որտեղ եւ երբ կստեղծվի գերազանցության կենտրոնը:





























