Սեպտեմբերի 12-ին 81 տարեկան հասակում Սան Ֆրանցիսկոյի իր տանը վախճանվել է ամերիկացի ինժեներ-գյուտարար Ռեյ Դոլբին: Վերջին տարիներին գիտնականը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ այս տարվա հուլիսին նրա մոտ սպիտակարյունություն էին ախտորոշել:
Գիտնականի ընտանիքը խնդրել է ծաղիկների եւ պսակների փոխարեն Դոլբիի հիշատակին նվիրատվություններ կատարել Ալցհեյմերի ասոցիացիային կամ ուղեղի առողջության կենտրոնին:
Ռեյ Դոլբին 16 տարեկանում սկսել է աշխատել Ampex ընկերությունում, որտեղ ընդգրկված է եղել 1956թ. առաջին տեսամագնիտոֆոնը ստեղծած գիտնականների խմբում: 1957թ. ավարտել է Սթենդֆորդի համալսարանը, հայտնում է rbc-ն:
1965թ. Լոնդոնում հիմնադրել է Dolby Laboratories ընկերությունը: 1976թ. ընկերությունը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նոր գրասենյակ ու լաբորատորիա է հիմնել:
1975թ. ընկերությունը ստեղծել է հայտնի Dolby Stereo համակարգը, որը գրեթե բոլոր կինոթատրոնների սարքավորումների մասն է կազմում: Dolby Stereo-ն ուներ ձայնային չորս ալիքներ՝ ձախ եւ աջ՝ երաժշտության եւ էֆեկտների համար, կենտրոնական՝ երկխոսությունների, եւ չորրորդը՝ շրջապատի (surround) ՝ ձայնային ընդհանուր մթնոլորտի ստեղծման համար:
Dolby ընկերության հաջողությանը նպաստել էր ԱՄՆ-ի առաջատար ռեժիսորներ Ջորջ Լուկասի եւ Սթիվեն Սփիլբերգի հետ համագործակցությունը:





























