«ԱրմենՏել» ընկերության վարչական գրասենյակում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության եւ «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության կողմից ամփոփվել են DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները:
DigiCamp ճամբարի նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը:
DigiCamp ճամբարի ընթացքում 26 մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է եկել ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափարով: Մասնակիցների նախընտրությամբ ընտրվել է 5 լավագույն գաղափար: 10 օր շարունակ թիմերը, մասնագետների խորհուրդներով, զարգացրել են այդ գաղափարները, որի արդյունքում ներկայացվել են իրականացման համար պատրաստ բիզնես նախագծեր:
Ճամբարի ավարտին տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններից բաղկացած հանձնաժողովն ընտրել է լավագույն նախագիծը`«I need»-ը, որն իրականացնող թիմն արժանացել է 200.000 ՀՀ դրամ մրցանակի: Հատուկ մրցանակի է արժանացել «Քաշովի լավաշ» նախագիծը, ինչի գաղափարը մասնակիցների մոտ առաջացել էր հենց ճամբարի ընթացքում: «Քաշովի լավաշ»-ը արժանացել է 300.000 ՀՀ դրամ մրցանակի: Բոլոր մրցանկակիրներն ստացել են հնարավորություն առանձին տաղավարով ներկայանալու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին (հոկտեմբերի 4-6), իսկ ճամբարի շրջանակում ներկայացրած մյուս նախագծերը ԴիջիԹեքին հանդես կգան միասնական տաղավարով:
«Ճամբարի արդյունքում երիտասարդները սովորեցին աշխատել թիմում, լսեցին առաջատար մասնագետների, ձեռք բերեցին կիրառելի գիտելիքներ, որոնք ոչ մի ուսումնական հաստատություն չի կարող տրամադրել: Բացի այդ ունեն մեծ հնարավորություն իրենց գաղափարները ներկայացնելու շուրջ 24.000 այցելուների ԴիջիԹեք ցուցահանդեսի ժամանակ»,- նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք: DigiCamp-ի ընթացքում մասնակիցները ծանոթացան ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին եւ ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ:
DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:





























