Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված թմրամիջոցների հսկողության եւ իրավական ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 15-րդ փոփոխությունը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է. որ համաձայն այդ կետի՝ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար։

Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ կառավարությանն՝ առավել արդյունավետ կերպով պայքարելու անդրազգային հանցանքների դեմ, զարգացնելու Հայասռտանի իրավապահ մարմինների կարողությունները, ինչպես նաեւ աջակցելու դատաիրավական եւ օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին։

Համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շենքի դիմաց պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, շնորհակալություն հայտնեց բոլորին համագործակցության համար, ապա հանեց պիջակը, դրեց թեւի տակ եւ ծափահարությունների ներքո հեռացավ դատախազության  շենքից:

Նշենք, որ 2001թ հունիսի 11-ին սկզբնական համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործացության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան քսան միլիոն դոլար։