Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելի Իրան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պուտինը հրավիրված է Իրան եւ առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կօգտվի այդ հրավերից»,-ասել է նա՝ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումից հետո: Պեսկովը նշել է, որ այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պեսկովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահները Բիշքեկում քննարկել են «Բուշեր» երկրորդ ատոմակայանի կառուցման թեման:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանի հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք ունի, որը մնում է ՌԴ-ի բարի հարեւանը:
«Մենք գիտենք, թե որքան շատ խնդիրներ են շրջանառվում միջազգային շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, բայց մենք Ռուսաստանում գիտենք այլ բան, որ Իրանը մեզ համար հարեւան է, բարի հարեւան: Հարեւաններին չեն ընտրում, եւ մենք Իրանի հետ համագործակցության մեծ ծավալ ունեցել ենք, ունենք եւ հաստատ ունենալու ենք»,-ասել է Պուտինը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է առաջ մղել Իրանի միջուկային խնդիրը: «Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, մենք ցանկանում ենք այդ խնդրի շուտափույթ լուծում՝ միջազգային նորմերի շրջանակներում: Ռուսաստանը նախկինում այդ ոլորտում կարեւոր քայլեր է արել, եւ հիմա լավ հնարավորություն կա ձեր կողմից նոր քայլեր ձեռնարկելու համար»,-ասել է Ռոհանին Պուտինին, հաղորդում է РБК-ն:





























