ԱՄՆ իշխանությունների կողմից Իրանին առաջարկված դիվանագիտական երկխոսության առաջարկը դեռւես մնում է ուժի մեջ, սակայն ԻԻՀ կառավարությունն ընտրեց մեկուսացումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ իրանցիներին շնորհավորելով արեւային օրացույցով նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը:
«Անցած տարվա ընթացքում իրանական կառավարությունն ընտրեց իր համար մեկուսացման ուղին ու ակնհայտորեն սխալ կերպով նայեց անցյալին՝ փոխանակ լավ ապագա կառուցելու»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ Թեհրանը պետք է կատարի ատոմային ծրագրի շուրջ միջազգային պահանջները, հակառակ դեպքում երկրի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:
Նա չի բացառել իրադարձությունների զարգացման ցանկացած ընթացքը, բայց ցանկացել է, որ հակամարտությունը լուծվի հենց դիվանագիտական եղանակով:
Ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ը հույս ունի, որ կընդլայնվեն ամերիկացի եւ իրանցի ուսանողների կրթական եւ մշակութային փոխանակումները, նաեւ կոչ է արել բարելավել ինտերնետ հասանելիության որակն Իրանում:



























