Թուրքիան Սիրիայի հետ լարված հարաբերությունների պայմաններում փորձում է հերթական անգամ բռնություն կիրառել սեփական քաղաքացիների նկատմամբ՝ ելնելով կրոնական պատկանելիությունից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Անկարայի ալավիական թաղամասում տեղ գտած բախումները։
Ըստ նրա՝ Թուրքիայում դարերով ոչ միայն խախտվել են ալավիների իրավունքները, այլեւ նրանց վրա բազմազան ճնշումներ են գործադրվել՝ ընդհուպ մինչեւ ցեղասպանություն եւ էթնիկական զտում: «Թուրքիայի իշխանությունների ներկայիս քաղաքականությունն ալավիներիի նկատմամբ երկու նշանակություն ունի. ներքին, քանի որ վերջին ժամանակներս ալավիները որոշակի աշխուժություն են դրսեւորում եւ հաճախ են բողոքի ցույցեր կազմակերպում: Իսկ մյուս կողմից էլ դա կարող է արտաքին ազդանշան պարունակել», - նշել է Ռուբեն Մելքոնյանը, հստակեցնելով, որ Թուրքիան ալավիներին դիտում է որպես Ասադի եւ Սիրիայի վստահելի անձինք, եւ հենց այդ պատճառով էլ նրանք հալածանքների են ենթարկվում: «Այդպիսով, Թուրքիան որոշակի մեսիջ է ուղարկում Սիրիայի նախագահ Ասադին», - եզրակացրել է Ռուբեն Մելքոնյանը:
Նշենք, որ Անկարայի թաղամասերից մեկում՝ Մամաքում, որտեղ ալավիներ են բնակվում, չեն դադարում բախումները ոստիկանության հետ: Ըստ բողոքի մասնակիցների՝ իրենց համար անհասկանալի է՝ ինչու են իշխանությունները սունիական մզկիթ կառուցում ջեմեվիի կողքին՝ մի վայրում, որտեղ հիմնականում ալավիներ են։ Նրանք ընդգծում են, որ ոչինչ չունեն սուննիների դեմ, սակայն չեն ցանկանում ընդգծել դավանանքի տարբերությունը։ Ըստ նրանց՝ նույն տարածքում ջեմեւիի եւ մզկիթի կառուցումը ձուլման բնույթ է կրում։





























