Օբերենի համալսարանի երկու գիտնականներ լուծում են գտել կենդանիների այն տերերի համար, ովքեր չեն սիրում անձրեւոտ կամ ցուրտ եղանակին զբոսնել իրենց կենդանու հետ: Իրավիճակից ելքը հետեւյալն է. նրանց համար հատուկ համակարգ են մշակել, որը թույլ է տալիս հեռավորությունից համակարգչով ղեկավարել շանը:

Ջեֆ Միլլերը եւ Դեվիդ Բեվլայը շան համար նախագծել են բավական հարմար պայուսակ, որը բաղկացած է միկրոպրոցեսորից, անլար ռադիոյից , GPS-ընդունիչից եւ ձայնային որոնման համակարգից: Այս սարքավորմամբ մեծ շները կարող են միայնակ զբոսանքի դուրս գալ, իսկ տերը կկարողանա տանից հրամաններ տալ, հաղորդում է Russia Today-ը:

Նախապես GPS-ի օգնությամբ մի քանի կետեր նշելուց հետո ինքնակառավարվող համակարգը շանն ուղղորդում է անհրաժեշտ վայր, իսկ տերը կարողանում է հեռավորությունից վերահսկել ընտանի կենդանու տեղաշարժը: Փորձի ընթացքում կենդանիների 98 տոկոսը  ենթարկվում էին տիրոջ՝ ռացիայից հնչող ձայնին: