Իրանցիները ծրագրում են եւս մեկ կենդանի ուղարկել տիեզերք. Այս անգամ տիեզերագանցը պարսկական կատուն կլինի: Այդ մասին հայտարարել է Իրանի ավիատիեզերական հետազոտություննների ինստիտուտի ղեկավար Մոհամմադ Իբրահիմին:
Նրա խոսքով, հրթիռի մեկնարկը տեղի կունենա 2014թ. մարտի 21-ին: Իբրահիմին հայտնել է, որ հավակնորդների թվում եղել են նաեւ մուկ եւ նապաստակ:
Իրանական նոր հրթիռն աշխատելու է հեղուկ վառելիքով: Նախորդ տարիներին արձակված հրթիռներն աշխատել են չոր վառելիքով, որոնք կարող են օգտագործվել նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով AP-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանը հայտարարել էր կապիկին տիեզերք ուղարկելու հաջող գործողության մասին: Սարքը պլանային ռեժիմում վայրէջք էր կատարել, կենդանին ողջ էր մնացել: Պիոներ անունով կապիկը 120 կմ բարձրության վրա 20 րոպե էր անցկացրել: Թեհրանը հայտարարել է 2020թ. մարդու թռիչք իրականացնելու մտադրության մասին:





























