Մերձմոսկվայում ութ աղջիկներ ծեծել են հաշմանդամ աղջկան, գրված է ՌՔԿ շրջանային վարչության կայքում: Որոշվում է կասկածյալների նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը:  Նրանցից չորսն անչափահաս են: Քննության տվյալով՝ մի խումբ աղջիկներ սեպտեմբերի 10-ին ժ. 22-ի սահմաններում հարձակվել են հաշմանդամի վրա:

Life News-ին հայտնի է դարձել տուժածի անունը. Նա 22-ամյա Ալեքսանդրա Գարոխովան է: Երեկոյան Ալեքսանդրան խանութ է գնացել եւ ճանապարհին հանդիպել  աղջիկների խմբին, որոնք գարեջրի շշով հարվածել են նրա գլխին, քարշ տվել անտառ եւ ծեծել՝ այդ ամենը նկարահանելով բջջային հեռախոսով: Իրենց գործը հեշտացնելու համար աղջիկները կապկպել են Գարոխովային եւ բերանը փակել:

Խմբակային ծեծի մասնակիցները կատարվածի մասին խոսում են ինչպես շարքային դեպքի մասին: Նրանք անկեղծորեն համոզված են, որ ոչ մի ահավոր բան չի կատարվել, նշում է Life News-ը:

«Երբ նրա մատները կոտրում էին, շատ բարձր էր  բղավում, որոշեցին բերանը փակել: Գլուխն ու ոտքերը կապեցին աղջիկները, ես ուղղակի այնտեղ կանգնած էի: Ինձ ասացին, որ օգնեմ, ես էլ օգնեցի: Հետո նրան ուզում էին անտառ տանել, բայց եւս մեկ ժամ չէր ապրի...» - պատմում է մասնակից Նատալյա Բլեխովայան:

Գարոխովային տեղափոխել են հիվանդանոց: Նա գանգուղեղային վնասվածք ունի, մեծաթիվ քերծվածքներ, որովայնի եւ մարմնի վնասվածքներ, փայծաղի պատռվածք (փայծաղը հեռացրել են):

Գարոխովայի քույր Իրինան լրագրողներին ասել է, որ աղջիկները վաղուց էին ծաղրում Գարոխովային: Մի անգամ էլ կտրել էին նրա մազերը: Ծեծի շարժառիթը, ըստ աղջիկների, այն էր, որ Ալեքսանդրան բամբասում է իրենցից:

Հետո նրանք ցուցմունքը փոխել էին՝ հայտարարելով, որ սխալմամբ են հարձակվել: