Մասնագիտությամբ նկարիչ Արման Համբարձումյանն արդեն 5 տարի զբաղվոում է ոչ ավանդական քանդակագործությամբ. էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի ոճերում քանդակներ է պատրաստում կավից, պղնձից, երկաթից և տարբեր թափոններից:
25-ամյա Արմանը Նկարիչների միության անդամ է: 2010 թվականին ունեցել է անձնական ցուցահանդես, մասնակցել է միջազգային ցուցահանդեսների Մոլդովայում, Մալթայում և Սերբիայում, ստացել մրցանակներ:

Քիշինևի միջազգային նկարչական բիենալեում Արմանի «Մեղուների անկում» նկարը ճանաչվել է 3-րդ լավագույնը 20 երկրների 130 նկարիչների գործերից: Այդ նկարն այժմ պահվում է Մոլդովայի ազգային արվեստի թանգարանում:


«Այնտեղ ինձ ներկայացրեց ռումինացի հայտնի նկարիչ Կոնստանտին Ֆլոնդերը, որն իմ մասին ասաց. «Ժամանակին Կոնստանտին Բրանկուզին էր գրավում արվեստասեր հասարակության սրտերը, այս անգամ էլ Արմանը գրավեց մեր սրտերը»: Ինձ համար տպավորիչ էր այս խոսքերը լսելը»,- NEWS.am-ի թղթակցին պատմել է Արմանը:

Ներկայում Արմանի քանդակներն ու կտավները պահվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում:

Տեսանյութը՝ Աիդա Հովհաննիսյանի