Այժմ Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն հավաքի եւ ասի, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դնենք հանրաքվեի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց, որ այդպես ճիշտ է, այդպես ուժ եք տալիս որոշմանը, դա կլինի ժողովրդի որոշումը։ «Եթե ռեֆերենդումն ասաց «այո» Մաքսային միությանը, պետք է քայլեր անել, որ Մաքսային միությունը մեզ համար ավելի լավ լինի։ Անկախ նրանից ռեֆերենդումն ինչ արդյունք կտա՝ դա կօրինականացնի որոշումը։ Կեղծ, թե անկեղծ ընտրություն կլինի, նշանակություն չունի, բացի ռեֆերենդումից ժողովրդի կամքի արտահայտման այլ ձեւ չկա։ Ով չի հասկանում, որ կեղծելու են, եկեք փորձենք չկեղծենք, մի օր ազգ լինելու ենք, թե չէ»,- նշեց նա։
Հրանտ Բագրատյանն ասաց, որ եթե գնում ենք Մաքսային միություն, նախեւառաջ շտապ կարգով պետք է ստեղծել լուրջ հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցով։ «Գտնվել մի միության մեջ, որտեղ էներգակիր ներմուծողներ, արտահանողներ կան, պետք է չեզոքացնել էներգակիրների բացասական էֆեկտը։ Այս պայմաններում կնշանակի փակել հանրապետության տնտեսությունը, գտնվելու ենք մի վիճակում, երբ տարիֆները չորս անգամ պետք է բարձրացվեն»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ, նկատի ունենալով բելառուսական փորձը, պետք է անպայման պահպանել Բելառուսին տրվող արտոնությունները նաեւ մեզ համար։ Կուսակցության ղեկավարն ասաց նաեւ, որ ՄՄ մտնելուց՝ մեզ սպասվում է ռուբլու գոտի։ «Ես Բագրատյանն եմ, ես ամեն ինչ ազնվորեն ձեզ ասում են, Մաքսային միությունն անհնար է պատկերացնել առանց ռուբլու գոտու»,- ասաց նա՝ հավելելով, որ իր վարչապետության տարիներին, ինքը՝ լինելով Ռուսաստանի բարեկամը, չի ստորագրել եւ Մաքսային միություն չի մտել, իր համարձակությունը ներել է։
Մաքսային միության մտնելու դրական կողմերից էլ տնտեսագետը նշեց գինու, կոնյակի արտադրության հնարավոր ծաղկումը, ռուսական ներդրումները:











