Քաղաքական ուժը կար, ՀԱԿ խմբակցությունը ստեղծվեց, հետո այդ ուժը վերացավ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ չեք մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին, նա այսպես պատասխանեց. «ՀԱԿ խմբակցությունը ո՞ր քաղաքական ուժին է պատկանում: Դաշինքը չկա, 3-4 կուսակցությունը չի լինի 15 հոգու դաշինք, դա կարող է լինել նախկին դաշինքը, մենք իրավունք ունե՞նք այդպես վարվել, թեկուզ նրանով, որ ՀՀՇ-ն չկա, ՀԺԿ-ն չկա, Արամ Սարգսյանի կուսակցությունը չկա: Քաղաքական ուժը կար, ՀԱԿ խմբակցությունը ստեղծվեց, հետո այդ ուժը վերացավ: ՀԱԿ խմբակցությունը չի կարող պարտադրել բոլոր 7 հոգուն ինչ-որ որոշում, որովհետեւ այդ ուժը չկա, այդ ուժը հավաքվեր, նիստ աներ, ասեր՝ սա է մեր որոշումը»:

Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության՝ վերակազմավորվող ՀՀՇ-ին միանալու հնարավորությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ «դա արդեն նյարդերի խաղ է: ՀՀՇ-ի մեծամասնությունը հավաքվել է, որոշել է լուծարվել եւ դառնալ այլ կուսակցություն: Մենք հիմա իրենց ինադու գնում ենք ստեղծենք ՀՀՇ, դա իրենց գործն է, իմ գործը չի: Ես չեմ ուզում մտնել այդ նյարդերի խաղի մեջ: Ինձ երբեք չեք տեսնի ես իմ կյանքը նվիրեմ ինչ-որ ուժի դեմ պայքարելուն: Ես պայքարում եմ հանուն ինչ-որ բանի՝ իմ գաղափարների: Դրանք դինամիկ են, ժամանակակից, առաջնակարգ, ես կարիք չունեմ ուրիշներից գաղափարներով սնվելու:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am