Խոսելով սիրիական ճգնաժամի արդյունքում առաջացած մարտահրավերների մասին՝ պետք է տարբերակել իրավիճակի հանգուցալուծման մի քանի սցենարներ: Այս մասին այսօր կայացած Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է պատմաբան, կովկասագետ Անդրեյ Եպիֆանցեւը:
«Այդ սցենարներից մեկը կարող է լինել այն, որ արդյունքում կհաջողվի իրավիճակը վերահսկողության տակ պահել, խուսափել Սիրիայի կործանումից եւ ունենալ ազգային համերաշխության ինչ-որ կառավարություն, որը կհամախմբի կառավարական եւ ընդդիմադիր ուժերին, ինչի արդյունքում Սիրիան կմնա այն վիճակում, որում որ այսօր է»,-նշել է փորձագետը, հավելելով, որ այդ սցենարը շահավետ կլինի թե Ռուսաստանի, թե Հայաստանի, ինչ-որ առումով էլ Վրաստանի համար: Սակայն միանշանակ դրանից դժգոհ կմնան Իսրայելը, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ ծոցի միապետությունները:
Ըստ նրա ավելի վտանգավոր է քաոտիկացումը, երբ Սիրիան վերածվի այնպիսի երկրի, ինչպիսին է հիմա Լիբիան, որտեղ տարբեր ցեղեր պայքարում են միմյանց դեմ՝ նավթի եւ երկրի տարածքի մեծ մասում իշխանություն ունենալու համար: Նա ընդգծել է, որ դա կործանարար կլինի տարածաշրջանի մի շարք երկրների համար, առաջին հերթին՝ Իրանի:
Խոսելով Իրանի եւ այդ երկրում պատերազմի տարածման վտանգի մասին՝ նա նշել է, որ այդ դեպքում իրավիճակն ամենաբարդը կլինի Հյաաստանի համար, քանի որ եթե Ադրբեջանն այդ պարագայում հարձակում գործի, Հայաստանը կարող է կորցնել Ղարաբաղը:





























