Իրանը երբեք չի զբաղվի միջուկային զենքի ստեղծմամբ, ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին: Նա հավելել է, որ իր կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները Արեւմուտքի հետ իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար:
Ռուհանին հավելել է, որ Բարաք Օբամայի վերջին նամակը «դրական եւ կառուցողական» էր: «Իմ կարծիքով այդ նամակի տոնը դրական եւ կառուցողական էր», - նրա խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սիրիայի վերաբերյալ Ռուհանին նշել է, որ Թեհրանը շահագրգռված է խաղաղության եւ կայունության հաստատման հարցում եւ «կողմ է ամբողջ տարածաշրջանում զանգվածային զենքի ոչնչացմանը»: Հարցին, թե ըստ նրա արդյոք Օբամայի՝ Սիրիային հարվածելուց հրաժարվելը թուլության նշան էր, Ռուհանին պատասխանել է. «Մեզ համար պատերազմն է թուլության նշան»:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են շփվել Իրանի ղեկավարության հետ, հայտնում է «Ռոսբալտը»: Լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ եւ Իրանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, թեեւ այդ մասին պաշտոնապես չի հաղորդվում:
Հիշեցնենք, ավելի վաղ Օբաման հայտնել, իսկ Ռուհանին հաստատել էր Օբամայի հետ նամակների փոխանակման լուրը:





























