Դավթաշեն վարչական շրջանում այսօր՝ սեպտեմբերի  19-ին, բացվել է Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության շենքը:

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մոտ 5000 քառակուսի  մետր տարածք զբաղեցնող շենքի վերանորոգւմը տեւել է մեկ տարի, այն հագեցած է նոր տեխնիկայով, ունի 4 վերգետնյա եւ 1 ստորգետնյա հարկեր: Այս շենքում  տեղակայված են  մի շարք ստորաբաժանումներ՝  դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային եւ ելքի փաստաթղթերի ձեւակերպման բաժինները, այստեղ են տպագրվելու նաեւ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերն ու անձնագրերը:

Արթուր Օսիկյանը նշեց, որ հին շենքը  չէր համապատասխանում որեւէ չափորոշիչի, եւ պարզապես անհրաժեշտություն էր դրա փոփոխությունը: Անձնագրերի եւ վիզաների վարչության այս շենքում աշխատում է 160 հոգի,կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով քննարկվում է նաեւ աշխատավարձերի բարձրացման, հավելավճարներ սահմանելու հարցը:

Փոխոստիկանապետը նշեց, որ Սերժ Սարգսյանը այցելության ժամանակ մի շարք դիտարկումներ արեց, որոնք կնպաստեն աշխատանքի բարելավմանը, բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելուն: Նոր մասնաշենքում կլինեն նաեւ նոր պայմաններ, օրինակ՝ քաղաքացիների վիզաների ժամկետի երկարեցումը կլինի տեղում, կվերանայվի նաեւ նույնականացման քարտի տրամադրման համար սահմանված տասնհինգօրյա ժամկետը: ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետը նախկինում եղած մեկ տարվա փոխարեն նվազեվել է մինչեւ վեց ամիս, դիմումատու անձինք էլեկտրոնային փոստի եւ SMS հաղորդագրությունների միջոցով անմիջապես ծանուցվում են իրենց դիմումների ընթացքի վերաբերյալ:  Հարցին, թե հնարավոր է այս «լավ» պայմաններում քաղաքացիություն տան նաեւ Ժիրայր Սեֆիլյանին, Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ ցանկացած քաղաքացու դիմումը սահմանված կարգով քննարկվում է, եւ եթե օրենսդրությանը համապատասխան է ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապա ընթացք է տրվում: Նա տեղյակ չէր, որ Ժիրայր Սեֆիլյանին մի քանի անգամ մերժել են քաղաքացիություն տալ:

Մանրամասները՝ տեսանյութում