Տեսանյութը՝ «Ազատագրում» ֆեյսբուքյան խմբի

Երևանի քաղաքապետարանի դիմաց արդեն մոտ երկու ամիս նստացույց անող, քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանը կարծում է, որ սեպտեմբերի 19-ի գիշերը «Զիլը» միտումնավոր է հարվածել քաղաքապետարանի առջեւ կայանած իրենց մեքենաներին։ Սուրենը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես ժամը 2.30-ի սահմաններում բեռնատարը միտումնավոր ղեկն ուղղել է իրենց երկու մեքենաների ուղղությամբ ու հարվածել դրանց:

«Վարորդն ասաց, որ քնած է եղել, հետո որոշ ժամանակ անց ասաց, որ արգելակները չեն աշխատել, իսկ վերջում էլ ասաց, որ Դիլիջան էր գնում, մինչդեռ Դիլիջանը հակառակ կողմում է»,- ասել է նա:

Սուրենն ու իր երկու ընկերները դեպքի պահին մեքենաների մեջ չեն եղել. մի քանի րոպե առաջ դուրս են եկել մեքենայից ու կանգնել մայթին` խոտածածկի մոտ: Ակտիվիստը պատմել է, որ ինքն ու իր ընկերները հստակ նկատել են, որ վարորդն ու նրա կողքին նստած ուղևորը ուշադիր նայում էին իրենց ուղղությամբ:

«Եթե մենք էլ մի քիչ մոտ լինեինք, մեզ էլ կհարվածեր»,- ավելացրել է Սուրենը:

Ակտիվիստ Վահագն Մինասյանի խոսքով՝ սա իրենց վախեցնելու հերթական փորձն է, սակայն իրենք գնալու են մինչև վերջ:

Այս պահին նստացույցի մասնակիցներ Վահագն Մինասյանի ու Կարեն Հարությունյանի մեքենաները գտնվում են տուգանային հրապարակում: Պարզ չէ, թե ով և որքան է փոխհատուցելու վնասված մեքենաների համար: