Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Barclays բանկից համակարգչային համակարգերը կոտրելու հետեւանքով 2.1 մլն դոլարի գողության մեջ կասկածվող ութ մարդու է ձերբակալել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ոստիկանության տվյալով՝ հանցագործները ինժեների անվան տակ բանկի բաժիններից մեկի համակարգչից օգտվելու իրավունք են ստացել եւ հատուկ միջոցներով ցանցը կոտրելով՝ 2,1 մլն դոլար գողացել, որի կորստի մասին բանկը հայտարարել էր ապրիլին: Այդ գործի շրջանակում ձերբակալություններ են կատարվել հինգշաբթի եւ ուրբաթ օրերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեպտեմբերի սկզբներին եւս ոստիկանությունը հայտնել էր 12 կիբերհանցագործների ձերբակալման մասին, որոնք նման միջոցներ էին կիրառել իրենց գործունեության ընթացքում: Ոստիկանությունը նրանց հետքի վրա էր դուրս եկել այն բանից հետո, երբ վերջիններս փորձել էին իսպանական Santander բանկի բրիտանական մասնաճյուղից միջոցներ հափշտակել:
Ոստիկանությունը նշում է, որ հանցագործության այս տեսակը գնալով ավելի տարածված է դառնում Բրիտանիայում: Մասնագետները դա պայմանավորում են ցածր ռիսկայնությամբ մեծ գումարներ ստանալու հանգամանքով:





























