Բազմազավակ զույգը կողոպտել է մտավոր հետամնացություն ունեցող ամերիկացուն՝ GTA 5 հանրահայտ խաղի պատճառով: Այս մասին հաղորդում է Sun-Sentinel-ը: Grand Theft Auto 5-ի նոր տարբերակը թողարկվել է երեքշաբթի օրը եւ վաճառքի առաջին իսկ օրը 800 մլն դոլարի եկամուտ է ապահովել:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մտավոր խնդիրներ ունեցող 21-ամյա երիտասարդը եկել է GameStop խանութ՝ գնելու GTA 5-ը:
Երբ երիտասարդը դուրս է եկել խանութից եւ անցել կայանատեղի տարածքով, նրան են մոտեցել 27-ամյա Թոմի Դեւիսն ու 26-ամյա Ադել Ջոնսը: Նրանք ժամն են հարցրել, իսկ երբ երիտասարդը մտադիր է եղել պատասխանել, նրանք խլել են խաղն ու հեռացել: Գողերը մոտեցել են GameStop-ի մեկ այլ խանութի, որտեղ փորձել են հետ վերադարձնել խաղն ու հետ ստանալ գումարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է մեղավորներին, երբ տուժողը ճանաչել է նրանց՝ տեսախցիկների միջոցով արված լուսանկարներից: 4 երեխաներ ունեցող կողոպտիչների մեղադրանքներ են ներկայացվել:





























