«ՀԱԿ» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծվել է Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե, որի անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր կստորագրեն հետեւյալ նախադասության տակ. «Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ եւ պահանջում ենք անհապաղ ազատել նրան»։
«Հայաստանի պատմության մեջ սա լինելու է ամենամասսայական կազմակերպությունը, որովհետեւ դրա տակ ստորագրելու են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, բայց մի բանում միավորված. Հայաստանում պետք է չլինի քաղբանտարկյալ»,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազության առջեւ ամեն ուրբաթ Տիգրան Առաքելյանին ազատելու պահանջով անցկացվող բողոքի հերթական ակցիայի ժամանակ։
Ըստ նրա, Կոմիտեի անդամ կարելի է դառնալ հենց վաղվանից։ Ինչպես եւ ուր դիմել հարցերին կպատասխանեն շուտով։
Նախաձեռնությանը միացել է վեց թերթ՝ «Չորրորդ իշխանություն», «Առավոտ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «168 ժամ», «ժամանակ»։ Սեպտեմբերի 21-ից այս թերթերը լույս են տեսնելու՝ առաջին դնելով հետեւյալ արտահայտությունը . «Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ եւ պահանջում ենք անհապաղ ազատել նրան»։
«Ամեն օր բռնապետը արթնանալու է եւ կարդալու է նույն ֆրազը իր երկրի թերթերում։ Այս նախաձեռնությունից բռնապետը փախչելու տեղ չպիտի ունենա, այս նախաձեռնությունը պիտի հետապնդի նրան ամենուրեք, ինքը պիտի հասկանա, որ այս պահանջի հետեւում կանգնած է ամբողջ ազգը»,- ասել է Զուրաբյանը՝ Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին կոչ անելով միանալ նախաձեռնությանը եւ քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտում է, ամեն օր առավոտն սկսել այդ նախադասությամբ։
Նախաձեռնությանը միացած թերթերի անունների հրապարակումը վրդովմունք է առաջացրել ակցիայի մասնակիցների շրջանում։ Հավաքվածները դժգոհել են փաստից, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն չի միացել նախաձեռնությանը։











