Նախագահի նստավայրից մի քանի մետր հեռավորությամբ ոստիկանները վերջապես կարողացել են պատնեշ կազմել ու արգելափակել «Անկախության համազգային երթի» մասնակիցների ճանապարհը դեպի նստավայր տանող Բաղրամյան պողոտայի աջ հատվածում։ 10-15 րոպե կանգնելուց հետո ակտիվիստները որոշել են անցնել փողոցի ձախ կողմ ու այնտեղ շարունակել բողոքի ակցիան։
Ակտիվիստների մի խումբ, որն ավելի շուտ էր որոշել դիմացի մայթ անցնել ու կանգնել նախագահական նստավայրի դիմաց, տեղեկացրել է, որ մինչ երթի մասնակիցները սպասում էին փողոցի ներքեւի մասում, իրենք տեսել են, թե ինչպես է նախագահ Սերժ Սարգսյանի շարասյունը լքում նստավայրի տարածքը։
Ակցիայի մասնակիցներն այժմ նույն երթուղով վերադառնում են Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ «Անկախության համազգային երթն» սկսվել էր 16։30-ին Ազատության հրապարակից եւ Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պուրակով հասել Բաղրամյան 26: Ակտիվիստներն իրենց դժգոհություն են հայտնում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման դեմ եւ պահանջում նրա հրաժարականը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











