Նոր iPhone 5S-ի թողարկվելուց մեկ օր անց Գերմանիայի Chaos Computer Club-ի (CCC) հաքերները կոտրել են մատնահետքերի սքաները:
Սկզբում նրանք լուսանկարել էին մատնահետքերը, հետո, մաքրելով պատկերը, այն տպել էին ցածր թողունակությամբ թափանցիկ թղթի վրա, որից հետո էլ գունավոր լատեքսային ծածկույթ էին վրան քաշել, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Cnet-ը: Գործընթացի նկարագրությունը բերվում է CCC-ի կայքում:
Chaos Computer Club-ի անդամները YouTube-ում նաեւ տեսահոլովակ են տեղադրել, որում iPhone 5S-ից հանում են մատնահետքի արգելափակումը, հայտնում է lenta.ru-ն: CCC-ի մասնակիցներից Ֆրանկ Ռիգերը նշել է. «Մենք հուսով ենք, որ մեր գործողությունները վերջ կդնեն մատնահետքերի վերաբերյալ մարդկանց մոլորությանը: Հիմարություն է որպես բանալի կիրառել այն, ինչը փոփոխության ենթակա չէ եւ մնում է ամենուր»:
Apple-ի iPhone 5S-ն մատնահետքերի սկաներ ունեցող առաջին սմարթֆոնն է: Այն համատեղված է էկրանի տակ գտնվող հիմնական կոճակի հետ: Սկաները պարտադիր չէ կիրառել. սմարթֆոնը նախկինի պես կարելի է պաշտպանել քառանիշ կոդով կամ գաղտնաբառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 13 հազար դոլար կանխիկ գումար, ալկոհոլ, գրքեր եւ այլ պարգեւ կստանա նա, ով կկարողանա կոտրել iPhone 5S-ի մատնահետքերի սկաները:











