Արզնի-Շամիրամ ջրանցքում հուլիսի 10-ին հայտնաբերված մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակի վրա բռնության հետքեր կային: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Հայտնաբերման հաջորդ օրը ոստիկանները պարզեցին մահացածի ինքնությունը, նա Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 1965թ Սիմոն Բաբայանն էր: Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրաստվել, նշանակվել փորձաքննություններ: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ մահը վրա էր հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարումից՝ գանգուղեղային բաց վնասվածքի պատճառով՝ բութ առարկաների ներգործության հետեւանքով, չկար ջրահեղձում, վնասվածքները չէին առաջացել ջրի մեջ ընկնելու կամ ջրում ինչ-որ բանի դիպչելու հետեւանքով:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Պարզվել էր, որ տուժողին վերջին անգամ տեսել էին հուլիսի 9-ին Կոտայքի մարզի Մրգաշենի գերեզմանոցում, որտեղ նա հանդիպել էր նույն գյուղի բնակիչներ 67-ամյա Ռաֆիկ Հակոբյանի եւ 57-ամյա Պետրոս Գրիգորյանի հետ, նրանց միջեւ ընդհարում է եղել, որից հետո Սիմոն Բաբայանը անհետացել է: Ռաֆիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործությունը պարտակելը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, իսկ Պետրոս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝, (սպանություն), նա կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում











