Ռուսաստանը «Բուշեր» ատոմակայանը հանձնել է Իրանին՝ շահագործման համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտնել է «Ռոսատոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչը: «Այսօր տեղի է ունեցել առաջին իրանական ատոմակայանի՝ «Բուշեր»-ի, հանձնումը պատվիրատուին»,-ասել է նա:
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել էր, որ ԱԷԿ-ի շահագործման երաշխիքային ժամկետը երկու տարի է, որի ընթացքում ատոմակայանում կաշխատեն ռուս մասնագետներ, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Ատոմակայանի կառուցումը Բուշերում սկսել է գերմանական Kraftwerk Union AG (Siemens/KWU) կոնցեռնը՝ 1974 թվականին: 1992-ի օգոստոսին Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել՝ ԱԷԿ-ի զինման մասին, իսկ 1995-ի հունվարին պայմանագիր է կնքվել ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունն ավարտելու մասին:
«Բուշեր» ատոմակայանի շահագործումն սկսվել է 2010-ի օգոստոսի 21-ին, ԱԷՄԳ-ի տեսուչների վերահսկողության ներքո:





























