Հոկտեմբերի 1-ից դերասան Վարդան Պետրոսյանի «Ամեն երկուշաբթի» ներկայացումը կլինի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ Այս մասին այսօր՝  24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Վարդան Պետրոսյանը։

Մինչ այդ ներկայացումը լինում էր Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, եւ դերասանը շատ գոհ է հանդիսատեսից, իսկ այժմ այն տեղափոխվում է Սունդուկյանի թատրոն:

«Մասնավոր թատրոնի ներկայացուցիչները դատապարտված են դահլիճ փնտրել անընդհատ, պետական թատրոնն էլ ենթարկվում է վերադաս կառույցի հրահանգներին: Պարոնյանի թատրոնը շատ խիտ խաղացանկ ունի, դրան գումարվում են նաեւ պետական միջոցառումներ, երբեմն հրաժարվում է ներկայացումներից՝ միջոցառումներից համար։ Գնում ենք Սունդուկյանի թատրոն մի քիչ տխուր, մի քիչ ուրախ։ Պարոնյանի թատրոնում մենք մեզ զգում ենք ինչպես հարազատ տանը, մի քիչ ուրախ, որովհետեւ գնում ենք շատ ավելի մեծ դահլիճ»,- ասաց Վարդան Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս ներկայացմանը մի փոքրիկ էքսպերիմենտ արեց, սկզբից վախենում էր, բայց հաջողվեց։ Ներկայացման վերջում հանդիսատեսը, ձեռքերը բռնած, երգում է։ Դերասանը շեշտեց, որ շատ դժվար է հայ մարդուն երգացնելը, սա հոգեփոխության նման մի բան է, երբ օտար մարդիկ պետք է իրար ձեռք բռնեն եւ երգեն։ «Առաջին օրը պրեմիերային ես չգիտեի՝ կերգեն, թե՝ չէ, պատրաստ էի ծունկ իջնել եւ խնդրել, որ երգեն, բայց այդպես չեղավ, երգեցին, ինչ թափով երգեցին, ինչ խրոխտ երգեցին: Մարդը հայտնագործում է իրեն յուրովի, անծանոթին սկսում է սիրել, մենք իրար չենք սիրում, վանում ենք։ Հայ մարդը խուսափում է իրեն ցույց տալ, այ պարագայում բոլորը միաձայն երգում են առաջին, երկրորդ պահը, այս դառը օրերին կարողանալ մարդկանց ցնծության բերել, շատ մեծ նվեր է, դահլիճը ապրում է հոգու ցնծություն։ Այս փոքրիկ էքսպերիմենտ կայացավ, շատ ուրախ եմ դրա համար։ Հենց ներկայացումը ավարտվում է այս խոսքերով՝ թող մեր միասնական երգը լինի մեր հաղթանակի առաջին քայլը»,- ասաց Վարդան Պետրոսյանը։

Դերասանն ասաց, որ իր ներկայացման մեջ ինքը ներկայացնում է մեր իրականությունը երգիծանքի հայելու մեջ, ներշնչվում է մեր իրականությամբ եւ անպայման դա տեղ է գտնում։ «Շատ դժվար է իրականության մասին խոսել կատակով, վարչապետն է այդպես կարողանում եւ ես»,- նկատեց Վարդան Պետրոսյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am