Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրանա, ապա դերասան Վարդան Պետրոսյանը եւս կմիանա պայքարի դուրս եկած երիտասարդներին եւ կմասնակցի Free car ակցիային։ Այս մասին այսօր՝ 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան Վարդան Պետրոսյանը։
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում թանկացումներ են գնում, բայց այսպիսի անխիղճ թանկացումներ չեն, օրինակ՝ Ֆրանսիայում էլեկտրագնացները թանկացան կես եվրո, գազը՝ երեք տոկոս։ «Մեր մոտ թանկացումները անմարդկային չափերով են, որովհետեւ կոնտրոլից, հսկողությունից դուրս են։ Տպավորություն է, թե ով ինչպես ուզում, թանկացնում է: Ծիծաղելի է, թե թանկացնելով որակն են բարձրացնում։ Սա բնութագրում եմ ժողովրդի կաշին քերթել, ամեն ինչ ըմբռնելի է, բայց հորը, մորը, տատին, պապին չպետք է դիպչել, դու նրանց դատապարտում ես անշարժության: Վստահ եմ, որ քաղաքապետարանը կարող է գտնել միջոցներ, որպեսզի որակը լավացնի եւ գինը չբարձրանա, օրինակ՝ կարմիր գծերի փարքինգները մասնավորին չտան, այլ իրենք անեն»,- ասաց դերասանը։ Նա շեշտեց, որ եթե տրանսպորտի ուղեվարձը դարձնեն 250 դրամ, «կռուտոյ» բաներ են լինելու, 250 դրամ ես չեմ կարա տամ»։
Վարդան Պետրոսյանն ընդգծեց, որ շատ հպարտ է այդ երիտասարդներով, ովքեր չեն վախենում եւ պայքարի են դուրս եկել։ Նա հիշեց, որ «իրենց ժամանակ խնդիր կար թաղային հեղինակությունների հետ, բայց այդ ժամանակ նրանք չէին մխրճվում քաղաքականության մեջ»: «Իսկ հիմա այլ է, այսօր թաղային հեղինակությունները քաղաքականության մեջ են, նրանք հաղթում են թաղապետի ընտրություններին, երիտասարդները կռվում են դրա համար եւ ապացուցում, որ քաղաքը ձերը չի, մերն է»,-ասաց նա:
Դերասանը նշեց, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի օրերին ժողովուրդ միավորվեց, եւ դա նմանեցրեց ղարաբաղյան շարժման առաջին օրերին։
Ինչ վերաբերում է ավագ սերնդի կողմից երիտասարդների հասցեին հնչեցվող քննադատություններին՝ ավանադական դարձած «բա մեր ժամանակ այդպես էր» արտահայտության տեսքով, ապա դերասանը նկատեց, որ «հենց դառնում ենք ծնող, պապ, ստերը սկսվում են, սկսում ենք ասել, թե մեր ժամանակ ուրիշ էր»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











