Չինաստանում կհանեն Facebook-ի եւ Twitter-ի՝ 2009թ. կեսերից մտցված արգելափակումը, բայց միայն Շանհայի ազատ տնտեսական գոտու տարածքում:

Երկրում 2012թ. արգելափակվել էին նաեւ համաշխարհային հայտնի որոշ լրատվամիջոցների կայքեր: Շանհայի ազատ տնտեսական գոտու տարածքում այժմ հասանելի կլինեն համաշխարհային կայքերը: Մնացած քաղաքներում դրանք արգելափակված են:

Չինաստանի կառավարության աղբյուրները հաղորդում են, որ  Շանհայի ազատ տնտեսական գոտին ստեղծվել է արտասահմանցի ներդրողների եւ հյուրերի համար հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, եւ դա անհնար է անել առանց վերջիններիս համար սովորական դարձած  սոցցանցերի եւ կայքերի հասանելիության ապահովման, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  South China Morning Post-ը:

Կառավարությունը նաեւ որոշել է Շանհայում թույլատրել արտասահմանյան հեռահաղորդակցական ընկերությունները: Դրանք խոշորագույն China Mobile, China Unicom եւ China Telecom օպերատորների հետ կմասնակցեն ազատ տնտեսական գոտում աշխատանքներ անցկացնելու մրցույթին:

Facebook  եւ Twitter կայքերը Չինաստանում արգելափակվել էին 2009թ. կեսերին, իսկ The New York Times-ի եւ տասնյակ այլ լրատվամիջոցների կայքերը՝ նախորդ տարի: